Դինքի սպանությունը մեծ վնաս է հասցրել Թուրքիային. Դինքի սպանության գործով վկա

09/07/2020 10:36

Դինքի սպանությունը մեծ վնաս է հասցրել Թուրքիային. Դինքի սպանության գործով վկա
Ստամբուլի 14-րդ դատարանում հուլիսի 8-ին տեղի է ունենցել ստամբուլահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատական նիստերը: Նիստի ժամանակ որպես վկա հարցաքննվող ժանդարմերիայի ստամբուլյան գնդի հրամանատար Ուլայ Քարաօսմանողլուն և ժանդարմերիայի հետախուզական վարչության ղեկավար Այջան Օքթայլան հայտարարել են, որ Դինքի սպանությունից առաջ իրենք լրագրողի դեմ պատրաստվող որևէ գործողության մասին հետախուզական տվյալներ չեն ստացել: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:

Քարաօսմանողլուն նիստի ժամանակ հայտարարել է, որ Դինքի սպանության օրը ինքը ծրագրի է մասնակցել Քոջաելիի նահանգում և լուրը ստանալուն պես մեկնել է Ստամբուլ:

«Այնտեղ ինձ կասկածյալի լուսանկարը ցույց տվեցին: Ես ասացի, որ լուսանկարը հրապարակեն մամուլում, որպեսզի հաջողվի պարզել անձի ինքնությունը»,-ասել է ժանդարմերիայի գնդի հրամանատարը:

Քարաօսմանօղլուն նշել է նաև, որ Դինքի սպանությունը մեծ վնաս է հասցրել Թուրքիային:

«Իմ երկիրը կորցրեց իր հեղինակությունը: Ես դատապարտում եմ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող լրագրողի սպանությունը: Դինքի ով լինելու մասին ես և հետախուզությունը իմացել ենք թերթերից` սպանությունից հետո: Մենք մեր պարտքը կատարում ենք առանց էթնիկական և կրոնական խտրականության»,-ասել է Քարաօսմանօղլուն:

Վկա Այջան Օքթայլան էլ, որն այն ժամանակ եղել է ժանդարմերիայի հետախուզական վարչության ղեկավարը, հայտարարել է, որ Դինքի դեմ որևէ գործողության վերաբերյալ հետախուզական տվյալներ իրենք չեն ստացել:

Երկու վկաներն էլ նշել են, որ սպանության վայրում և թաղամասում աշխատող ժանդարմերիայի ներկայացուցիչներից, որոնց նրանք տեսել են լուսանկարներով, ոչ ոքի չեն ճանաչում:

 
 

Related

Armenology

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us `