Կորոնավիրուսի երկրորդ ալիքը քիչ հավանական է. բժիշկ

09/07/2020 19:00

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը քիչ հավանական է. բժիշկ
«Ազատ Ձայնը» խոսել է շտապօգնության բժիշկ Հասմիկ Դարչինյանի հետ, ով կորոնավիրուսի Հայաստան մուտք գործելու առաջին իսկ օրվանից առաջնագծում է: Բժիշկը հարյուրավոր կորոնավիրուսով հիվանդների է զննել և ուղղորդել տարբեր բուժհաստատություններ: Այսօր նրա հետ կխոսենք Հայաստանում կորոնավիրուսի զարգացման տեմպերի, իմունիզացիայի, պատվաստանյութերի և համակարգում առկա խնդիրների մասին:


Բժիշկ, վերջին օրերի հաստատված դեպքերի թիվը 500-700-ի սահմաններում է տատանվում, արդյոք կայունացման փո՞ւլ ենք մտել, թե՞ դեռ նոր պիկերի սպասենք: Ձեր ուսումնասիրությունների մասին մի փոքր ներկայացրեք:


Վարակի տարածումն սկսվել է մարտ ամսից: Չեմ ուզում խոսել սխալներից, ձախողումներից, արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Հիմա հասել ենք պիկին, և կարծես թե դանդաղ նվազում են դեպքերը: Կարծում եմ երկրորդ պիկ էլ չի լինի: Գոյություն ունեն բազմաթիվ մեխանիզմներ և վարակի զարգացման հաշվարկներ: Իրականում նվազման փուլում ենք, իհարկե, որոշակի իրավիճակներից ելնելով, դանդաղ և ավելի ցավոտ: Ես նախընտրում եմ ինֆոգրաֆիկաները, և ինքս էլ կազմում եմ դրանք՝ հաշվի առնելով ամեն օր 1000 թեստավորումից ստացած դրական արդյունքները: Իհարկե, այն այդքան էլ ինֆորմատիվ չէ, քանի որ թեստավորվում է բնակչության սահմանափակ հատված, և քիչ քանակությամբ է թեստավորում արվում այս կամ այն պատճառներով, բայց այդ թվերը ևս ցույց են տալիս տենդենցները: Հետաքրքիր է նաև վարակի սպեցիֆիկան, չեմ ուզում բարդ տերմիններ օգտագործել, բայց իմ փորձից ելնելով, սովորաբար ցանկացած վիրուսային հիվանդություն սկսվում է երեխաներից: Օրինակ, հունվար-փետրվարին դիտարկվում էին հենց մանկական հիվանդացությունները… Բայց այդ փուլը չի ուսումնասիրվել, հետո առաջ քաշվեց տեսակետ, որ երեխաները չեն հիվանդանում կորոնավիրուսով, կամ հիվանդանում են թեթև կամ ասիմպտոմ: Ամեն դեպքում, մենք հիմա պիկի վրա ենք, և անպայմանորեն շուտով կիջնեն ցուցանիշները, որքան առաջ գնանք, այդքան ավելի արագ:


Ձեր հաշվարկներով Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է հիմա վարակված և օրական 1000-2000 հոգու թեստավորումը կարո՞ղ է ճիշտ պատկեր ցույց տալ:


Իմ կոպիտ հաշվարկներով, այսօր մեր բնակչության մոտ 50-60 տոկոսը վարակվել է: Սրա մեջ մտնում են նաև ասիմպտոմները, ինչպես պարզվում է նրանք մեծամասնություն են կազմում, և նրանք անգամ չեն գուշակում, որ հիվանդ են և վարակում են ուրիշներին: Ավելի հստակ կկարողանայինք ասել, եթե հնարավոր լիներ ուսումնասիրել բնակչության կոնկրետ մի հատվածի: Բայց քիչ թեստավորումների պատճառով շատ բարդ է այդ մասին խոսել: Տեսեք, թե Վաղարշապատում որքան է նվազել կորոնավիրուսային հիվանդությունը, ինչը թույլ է տալիս անել համապատասխան եզրահանգումներ:


Ի՞նչ կասեք մահերի մասով, թոքաբորբից, օրինակ, նախորդ տարի ավելի շատ մարդ է մահացել:


Մահացության մասով ինձ համար բարդ է խոսել, որովհետև ես կլինիկայում չեմ աշխատում, այլ շտապօգնությունում, և կանոնների համաձայն, մեր ներկայությամբ մարդիկ չեն մահանում: Բայց եթե կրկին վերադառնանք վիճակագրությանը, ապա մայիս և հունիս ամիսները մեզ մոտ միշտ թոքաբորբի շրջան են եղել: Այն շատ բարդ հիվանդություն է, հատկապես բնակչության մի ստվար զանգվածի համար, և այս հիվանդությունից մահացությունները ևս միշտ բարձր ցուցանիշներ են ունեցել: Բայց վիրուսային թոքաբորբն ավելի բարդ է ընթանում, այն գրեթե չի ենթարկվում հակաբորբոքային թերապիային, իսկ գործնականում (մեծահասակների մոտ միշտ) զարգանում է նաև բակտերիալ միջավայր, ինչը բավական խորացնում է ընթացքը: Բացի այդ, վիրուսային թոքաբորբն ընթանում է հիմնականում ոչ թե օջախային այլ միշտ երկկողմանի և բավական բարդ: Ինչն էլ հենց հանդիսանում է բարդությունը, այսինքն՝ առողջապահական համակարգը հենց դրա վրա է կենտրոնացած:
 

ԱՆ-ից հաղորդում են, որ այս պահին 11000-ից ավելի բուժվող հիվանդներ ունենք հիվանդանոցներում, որպես բժիշկ և այս հիվանդությանը առաջին օրվանից ծանոթ մարդ, մեր հիվանդանոցային ռեսուրսը բավարա՞ր է այդքան հիվանդ ընդունելու համար, արդյոք ծանրաբեռնվա՞ծ են հիվանդանոցները:


Հիվանդանոցները ծանրաբեռնված են մինչև վերջ: Իհարկե, եղել են նաև խնդիրներ մահճակալների անբավարարության առումով: Շատերը տանն են անցնում բուժման կուրսը տեղամասային կամ ընտանեկան բժիշկների հսկողության տակ, որոշները՝ մասնավոր կամ ծանոթ բժիշկների մոտ, ինչու ոչ: Խնդիրը դրանում չէ, մեր հասարականությունը վատ է տեղեկացված վարակի տարածվածության և դրա փոխանցման մասին: Շատերը սկզբնական շրջանում անգամ չէին հավատում այս վիրուսի գոյությանը: Երբեմն աբսուրդային դրսևորումների ականատես ես լինում, ինչ որ միջոցառումներ անգամ: Ստիպված ենք լինում բացատրել, հարցերին պատասխանել… մենք բոլորս ցայտնոտի մեջ ենք, շրջապտույտի, հատկապես սկզբում: Գիտակցում ես, որ մարդիկ չգիտեն՝ ում հարցնել, ում դիմել: Մեզ մոտ դեպքեր են եղել, որ մարդիկ հրաժարվել են բուժումից, նույնիսկ փախել են: Ինչպես չէ:

Ռեսուրսների ճիշտ կառավարման դեպքում միշտ կարելի է մեծացնել մահճակալների քանակը: Մենք շատ դատարկ տարածքներ ունենք: Այսօր բուժմանը մասնակցում են նաև մարզային և մասնավոր կլինիկաները:
 

Շատ բժիշկներ խոսում են «հավաքական իմունիզացիայի» մասին: Դուք ինչ եք կարծում, եթե բնակչության մեծ մասը հիվանդանա կորոնավիրուսով, մենք կարող ենք խոսել բնակչության բնական իմունիզացիայի մասին:


Մեր օրգանիզմը բավական ամուր իմունային համակարգ ունի: Ինչպես ասում են, Արարիչն այն շատ ներդաշնակ և գեղեցիկ է ստեղծել: Ինձ հաճախ են հարցեր տալիս T բջիջների մասին: T բջիջները (թիմուս) տարատեսակ են լինում և իրականացնում են տարբեր գործառույթներ: Կան այլ բջիջներ ևս, որոնք որոշում են օրգանիզմի պաշտպանվածությունը իմունոգլոբուլինների քանակով պայմանավորված (G ցույց է տալիս անցած հիվանդությունը, M-ը հիվանդության սրացման փուլը): Հիվանդացած օրգանիզմը համաճարակաբանության և իմունոլոգիայի բոլոր օրենքներով պետք է ձևավորի կայուն իմունիտետ: Ինձ հարցնում են՝ որքա՞ն է կայուն այդ իմունիտետը վարակի պայմաններում: Ես միանշանակ համոզված եմ, որ սա նույնպես մտածված է Արարչի կողմից: Եթե նույնիսկ իմունոգլոբուլինը գտնվում է ցածր մակարդակի վրա, դա դեռևս չի նշանակում, որ մեզ մոտ իմունիտետ չի ձևավորվել: Իմունային հիշողության բազմաթիվ մեխանիզմներ կան: Վիրուսը մուտացիայի է ենթարկվում, հատկապես արևային ճառագայթների հետևանքով, բայց ինչ էլ որ լինի, հակագեների մասին հիմնական ինֆորմացիան պարտադիր պահպանվում է ինչ-որ տեղ՝ բջջային հիշողության մեջ: Բացի այդ, գոյություն ունի «խաչաձև իմունիտետ», ինչը ևս ոչ ոք չի կարող վերացնել:

Ինչ վերաբերում է հավաքական իմունիտետին, այն ձևավորվում է բնակչության 70 տոկոսի հիվանդացության դեպքում: Պատկերացրեք, որ ամեն մի հիվանդացածը պաշտպանական վահան է դառնում մեզ համար, հենց դա էլ համարվում է հավաքական իմունիզացիա:

Ուզում եմ կրկնել, իմունային համակարգը բավականաչափ ինֆորմացիա ունի հակագեների մասին և բավականաչափ մեխանիզմների է տիրատեպում դրանց վրա հակազդելու համար: Հետևաբար պարտադիր պատվաստման հարցը ինձ համար մի փոքր ուռճացված է: Ավելին, եթե հակագեները չտան հստակ իմունային ազդակներ, որևէ պատվաստում չի կարող առաջացնել իմունիզացիա և հատկապես հակագեների մուտացիայի դեպքում: Սա աբսուրդ է:

Բացի այդ, ես չեմ հավատում երկրորդ ալիք ասվածին, դա տրամաբանական չէ: Մեզ մոտ նկատի ունեմ: Ալիք կլինի, բայց արդեն սեզոնային վիրուսի ձևով, և առավել ևս նախկին ցուցանիշներով չի կարող լինել: Նկատենք, որ Իտալիայում և Շվեյցարիայում մարդիկ այլևս չեն հիվանդանում, կամ էլ հիվանդությունն ընթանում է շատ թեթև:


Ամեն օր խոսվում է, որ աշխարհում փորձում են ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որոշները պնդում են, որ 2-3 տարի հետո հազիվ կլինի այդ պատվաստանյութը, Դուք ի՞նչ եք կարծում ժամկետների մասին և արդյոք աշխարհը կկարողանա՞ ապրել այս վարակի հետ առանց պատվաստման:


Բազմաթիվ են լուրերը պատվաստանյութերի ստեղծման մասին: Սովորաբար պատվաստանյութի ստեղծման համար տարիներ են պահանջվում: Եվ հաճախ ստացված պատվաստանյութը կարող է հակառակ էֆեկտ ունենալ: Կապրենք, կտեսնենք: Ամեն դեպքում վակցիանացիայով առաջին հերթին պետք է հետաքրքրվեն այն երկրները, որոնք կարողացան զսպել վարակը, բայց ոչ՝ մենք:
 

Վերջապես դիմակների մասին, որպես բժիշկ ի՞նչ կասեք բաց տարածքներում դիմակներ կրելու մասին, երբ դրսում 35 և ավելի ջերմաստիճան է: Ճի՞շտ են այն տեսակետները, որ դիմակների պատճառով թոքերի հետ կապված այլ խնդիրներ են առաջանում:


Ինչ վերաբերում է դիմակների ազդեցությանը թոքային այլ հիվանդություններ ձեռք բերելու առումով, չունեմ նման վիճակագրություն, բայց կրկնակի ռեսպիրատորներով քնելու բախտ ունեցել եմ (ժպտում է): Երբ շուրջբոլորդ ծանր հիվանդներ են, այդ մասին չես էլ մտածում:


Դուք առաջին օրվանից շփվել եք կորոնավիրուսով հիվանդների հետ, ի՞նչ էր կատարվում սկզբում և հիմա: Շատերը բողոքում են, որ շտապօգնությունը չի հասցնում արձագանքել կանչերին: Կա՞ նման բան:


Շտապօգնության ծառայությունն այնպես է կազմակերպված, որ անհնար է կանչին չգնանք: Այլ հարց է, որ աշխատում ենք ֆիզիկական և էմոցիոնալ մեծ ճնշման տակ… այո, երբեմն ուշանում ենք: Ես հպարտ եմ մեր անձնակազմով, բոլոր բոլորով, իրոք, ապրեն մերոնք, խոնարհվում եմ: Չի եղել ոչ վախ, ոչ խուճապ, բոլորն աշխատում են մինչև վերջ, կան նաև հիվանդացածներ և առողջացածներ: Աստված պահապան բոլորին:


Ինչ խորհուրդ կտաք մարդկանց, ի՞նչ անել վարակվելու դեպքում, մի՞գուցե ինչ-որ բժշկական խորհուրդ ունեք լվացվելուց և հիգիենայի կանոնները պահելուց բացի:


Կան շփման հստակ կանոններ, ավելորդ բաներ հորինելու կարիք չկա:





 

SHOWED 4652

Related

Armenology

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us `