Արդյոք օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսը փոխանցվում է. ԱՀԿ մեկնաբանությունը

08/07/2020 12:36

Արդյոք օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսը փոխանցվում է. ԱՀԿ մեկնաբանությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկնաբանել է աշխարհի 32 երկրից 239 գիտնականի ներկայացրած ապացույցներն առ այն, որ կորոնավիրուսի օդակաթիլային ճանապարհով տարածումը նույնքան վտանգավոր է, որքան շնչառական ուղիների և շփման միջոցով տարածումը, գրում է The Guardian-ը։

Գիտնականների բաց նամակի հրապարակումից հետո ԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ օդակաթիլային ճանապարհով կորոնավիրուսի փոխանցման «ապացույցները» թեև կան, սակայն դրանք դեռևս վերջնական չեն:

«Կորոնավիրուսի օդակաթիլային ճանաարհով տարածումը չի կարելի բացառել մի շարք պայմաններում, հատկապես՝ լեփ-լեցուն, փակ, վատ օդափոխվող տարածքներում»,- երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ ներկարացուցիչ Բենեդետա Ալեգրանզին՝ ընդգծելով․ «Այնուհանդերձ, դեռևս պետք է այլ ապացույցներ ներկայացվեն, մեկնաբանվեն, և մենք շարունակում ենք աջակցել այդ գործընթացին»։

Ավելի վաղ մի խումբ գիտնականներ բաց նամակով դիմել էին ԱՀԿ-ին ՝ հայտարարելով, որ կազմակերպությունը թերագնահատում է կորոնավիրուսի օդակաթիլային ճանապարհով տարածման վտանգը։

ԱՀԿ-ի ուղեցույցում ասվում է, որ վիրուսը հիմնականում փոխանցվում է շնչառական ուղիների և շփման միջոցով:

Մինչդեռ օդակաթիլային ճանապարհով փոխանցումը ենթադրում է շատ ավելի փոքր մասնիկներ, որոնք կարող են երկար ժամանակ մնալ օդում և դիմացինին փոխանցվել նույնիսկ մեկ մետրը գերազանցող հեռավորության վրա:

ԱՀԿ-ի վարակների կանխարգելման հանձնաժողովի անդամները հայտարարել են, որ չնայած օդակաթիլային փոխանցումը կարող է որոշակի դեր խաղալ, կան անհերքելի ապացույցներ, որ փոխանցման հիմնական ուղիները ուղղակի շփումն են և հազի, փռշտոցի կամ խոսքի ժամանակ վիրուսի շնչառական ուղիներով տարածումը: ԱՀԿ-ում հայտարարել են, որ օդակաթիլային վարակումից պաշտպանվելու նոր միջոցների ներմուծումը նպատակահարմար չէ և դժվար թե դա խստորեն ազդի վարակի տարածման վրա:

Սակայն գիտնականներն իրենց նամակում պնդում են, որ իրականում կորոնավիրուսի տարածման հարցում օդակաթիլային փոխանցումը կարող է ավելի մեծ դեր ունենալ, քան ԱՀԿ-ն համարում է:

 

Related

Armenology

Էլ. փոստ՝ [email protected]

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us `