1994-ից` ՀՀ բանակում 1500 զոհ

5

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ն մի շարք այլ ՀԿ-ների հետ միասին այսօր հայտարարություն է տարածել բանակում առկա անօրինությունների, բռնությունների և օր օրի ավելացող զոհերի մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման ընթացքում, Արցախյան պատերազմի զինադադարի կնքումից հետո հայկական բանակն անցել է զարգացման դժվարին ուղի: Այդուհանդերձ, չնայած որոշակի ձեռքբերումներին, բանակում իշխում է խորհրդային բանակից ժառանգած և այսօրվա օլիգարխիկ իշխանության արատներով պայմանավորված ոչ կանոնադրային քրեական հարաբերությունների մոդելը: Վերջինիս հետևանքով բռնության, խոշտանգումների ու սպանության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ երիտասարդներ: 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994թ թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ:

Զինծառայողների մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քննությունները մեծ մասամբ ընթանում են կոպիտ օրինախախտումներով, դրանց զգալի մասը տարիներով չի բացահայտվում, իսկ սպանությունները, որպես կանոն, որակվում են որպես ինքնասպանություն: Սպանված տղաների ծնողների իրավունքները հաճախ անտեսվում են, իսկ նրանք արժանանում են արհամարհական վերաբերմունքի պետական այրերի կողմից:

Բանակում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և դրան հետևող անպատժելիությունը հանգեցնում են հանցագործությունների թվի աճի և բնակչության լայն զանգվածների բարոյալքման: Նման իրավիճակը, մի կողմից, խթանում է կոռուպցիան, քանի որ զինակոչային տարիքի երիտասարդների ծնողները բազմաթիվ անօրինական ճանապարհներով փորձում են ազատել իրենց երեխաներին բանակում ծառայելու պարտավորությունից կամ զարտուղի ճանապարհներով ‘ապահովել’ նրանց անվտանգությունը, մյուս կողմից` նպաստում է արտագաղթին»:

Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խորը մտահոգություն են հայտնում հայկական բանակում տիրող իրավիճակի և հիասթափությունը իշխանությունների անպատասխանատու վարքագծի վերաբերյալ: Անընդունելի են համարում խաղաղ պայմաններում ցանկացած զինծառայողի նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնությունն ու խոշտանգումը և դրանք կոծկելու քաղաքականությունը` ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ` քննչական մարմինների և արդարադատության կառույցների կողմից.

«1994 թվականից մինչև օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում` սպանությունների և ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպումը` վեր հանելու նախաքննություն և դատաքննություն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բացթողումներն ու օրինախախտումները` ներգրավելով անկախ փորձագետների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների.

– երաշխիքներ` քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի և անօրինականությունների համար.

– զինված ուժերի շարքերում ոչ կանոնադրային հարաբերությունները և անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը` հանդես գալով օրենսդրական առաջարկություններով և ներգրավելով շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչներին.

– հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված բարոյական և նյութական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ և արժանապատիվ փոխհատուցումը:

Վերոնշյալ միջոցառումների ուղղությամբ շուտափույթ` մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր և հովանավոր ենք համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին և պահանջում նրա հրաժարականը»: