ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել` համաձայն որի իրեն Սիվիլիթաս հիմնադրամի գործով Ազգային Անվտանգություն են կանչել հարցաքննության: Վերջինս նշել է, որ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը իրեն որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իրեն և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը:
«Հիմնադրման օրվանից՝ Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ և օրենքի տառին ու ոգուն համապատասխան:
Սիվիլիթասի գործունեության առաջին օրերից՝ 2008-ից սկսած՝ հիմնադրամին ֆինանսավորել և նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների և Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ինչպես նաև այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ և անհատներ:
Այս ամենի մասին չէին կարող չիմանալ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները»:
Օսկանյանը զարմանալի և տարօրինակ է համարում այն, որ իր և Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: «Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում»,- հայտարարել է նա:
Իսկ վերջում շեշտել է. «Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա, սակայն սա իմ քաղաքական պայքարի պատկերացրած ձեւը չէ, սակայն սրան էլ եմ պատրաստ»: