Օհանյանը` բանակի մասին

14

«Գիտեք, երբ բողոքում են զոհված զինծառայողների հարազատները, մենք զինաթափվում ենք, կիսում նրանց վիշտը և փորձում սատարել նրանց: Երբ բանակին քննադատում է բանակաշինությանը ինչ-որ չափ ավանդ բերած մարդ, ուշադիր լսում ենք նրան և փորձում շտկել բացթողումները: Երբ մեզ քննադատում է բանակից շատ հեռու, բայց սրտացավ քաղաքացի, փորձում ենք հասկանալ նրան` գնահատելով նրա քաղաքացիական բարձր կեցվածքը: Սակայն մեզ համար դժվար է հասկանալ նրանց, ովքեր բանակին քննադատելը դարձրել են առօրյա զբաղմունք և ինքնահաստատվելու կամ ֆինանսավորվելու միջոց»,- ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Առավոտ օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է բանակում տիրող իրավիճակին եւ հասարակության արձագանքներին:

Նախարարը բնական է համարել հասարակության արձագանքը բանակի դեպքերի առնչությամբ. «Շատ բնական է հասարակության զգայուն արձագանքը բանակի խնդիրների նկատմամբ: Ես չէի ցանկանա բանակը առանձնացնել հասարակությունից: Բանակը և հասարակությունը օրգանական կապի մեջ են: Բանակում արտակարգ պատահարների դեպքում բնական է հասարակության դժգոհությունը և մտահոգությունը: Պատկերացնո՞ւմ եք, եթե արտակարգ պատահարների դեպքում լիներ հասարակական անտարբերություն… Դա կլիներ իրական մտահոգության առիթ: Կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, որ պաշտպանական բարեփոխումների արդյունքում բանակը վերջին տարիներին շատ բաց է դարձել հասարակության առաջ: Մենք փորձում ենք առավել ընկալելի ու թափանցիկ դառնալ մեր ժողովրդի համար` պահպանելով զինված ուժերում գործող գաղտնիության ռեժիմը»:

Երկրի պաշտպանությամբ մտահոգ որևէ մեկը չի ցանկանա, որ պաշտպանական գերատեսչությունը հակառակորդի կողմից տեսանելի լինելու աստիճան թափանցիկ լինի: 21-րդ դարում տեղեկատվությունը դուրս է եկել ազգային սահմաններից, և համացանցում հայտնված յուրաքանչյուր տեղեկություն կարող է դառնալ նաև մեր հակառակորդի սեփականությունը:
Տպավորությունն այնպիսին է, որ նրանք առաջնորդվում են ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով: Եթե մարդկայնորեն կարելի է փորձել աչք փակել նրանց աշխատանք-զբաղմունքի առաջ, ապա, որպես բանակի մարտունակության համար պատասխանատու պաշտոնյա, ես իրավունք չունեմ անտարբեր մնալ այն զարգացումների նկատմամբ, որոնք կարող են վտանգել բանակ-հասարակություն փոխվստահության մթնոլորտը: Դա ազգային անվտանգության հարց է, և բոլոր նրանք, ովքեր կեղծ տեղեկություններ տարածելով կփորձեն քայքայիչ միջամտություն ունենալ բանակ-հասարակություն օրգանական կապում, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի:

Չգիտես ինչու, բանակը ամեն օր տեղի-անտեղի փնովողները երբևէ չեն հիշում բանակի հաջողությունները: Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել ու այսօր հանդիսանում է մեր պետության անվտանգության գլխավոր երաշխավորը: Չնայած հակառակորդի քանակական ցուցանիշներին` բանակը իր մարտական խնդիրները գերազանց է կատարում ու ամեն օր մեր ժողովրդին խաղաղություն պարգևում: Մեր բանակի անցած փառավոր ճանապարհը ներկված է հազարավոր հայորդիների արյունով, բանակում այսօր ծառայում են նաև այդ նահատակված տղաների մարտական ընկերները: Մեր բանակը նաև իրենք են: Ու վիրավորական է, երբ մերթընդմերթ հնչում են կարծիքներ, թե պետք է պատերազմով անցած զինվորականներին հեռացնել բանակից: Պատերազմի մասնակից այն զինվորականները, ովքեր տարբեր պատճառներով չեն հաստատվել կանոնավոր բանակում, ժամանակի ընթացքում դուրս են եկել զինված ուժերից: Սակայն որոշները այսօր շարունակում են ծառայությունը, և նրանցից շատերը ավելի օրինակելի սպաներ են, քան զինվորական կրթություն ստացած շատ սպաներ»:

Օհանյանը ցավով է նշել, որ շատերը մի քանի հանցագործի պատճառով այդ ողջ մեղքը բարդում են ողջ բանակի և ծառայողների վրա. «Հաճախ բանակի ղեկավարությանը սրտացավության դասեր են տալիս մարդիկ, ովքեր հայկական բանակի հետ որևէ առնչություն չեն ունեցել: Բանակի խնդիրները շահարկող անձի՛նք, դուք մեզանից ավելի սրտացավ չեք զինվորի համար: Զինվորի կյանքի համար դողում են ինչպես նրա հարազատները, այնպես էլ բանակի ղեկավարությունը: Յուրաքանչյուր արտակարգ պատահարից հետո տուժում է ոչ միայն զինծառայողի ընտանիքը, այլև ամբողջ բանակը: Չգիտեմ, ինչո՞ւ է ոմանց թվում, թե բանակում ղեկավարները մտածում են` ինչպես անել, որ կատարված հանցագործությունը և հանցագործներին թաքցնեն: Հավատացած եղեք, հանցագործություն կատարած անձը մեր պայմանական թշնամին է, քանի որ, ի տարբերություն մեր հակառակորդի, նա մեզ թիկունքից է հարվածում: Բանակի ղեկավարությունը ամենաշահագրգռվածն է, որպեսզի իրական հանցագործները խստորեն պատժվեն: Եվ եթե որևէ տուժողի հարազատներ դժգոհություն ունեն նախաքննության ընթացքի կապակցությամբ, պաշտպանության նախարարությունը պատրաստ է վճարել և վճարում է նրանց կողմից ընտրված փաստաբանների համար, որպեսզի միացյալ ջանքերով հասնենք հանցագործության լիարժեք բացահայտմանը: Ցավոք, լինում են դեպքեր, երբ ինչ-որ մարդիկ փորձում են մշտապես շիկացած պահել մթնոլորտը և տուժողի հարազատներին հաղորդում են հաճախ իրարամերժ տեղեկություններ: Այդ գործողությունները ևս իրավական դաշտում իրենց գնահատականը պետք է ստանան: Անթույլատրելի է բանակում արձանագրված միջադեպերի շահարկումը և հանրության հույզերը անձնական, խմբային կամ քաղաքական նպատակների համար օգտագործելը»:

«Իրականում տեղի ունեցող միջադեպերի մեծ մասը բնույթով արագ զարգացող իրավիճակային հանցագործություններ են, որոնք հաճախ ծագում են փոքր մանրուքից: Անկախ տեղի ունեցող արտակարգ պատահարը ծնող պատճառներից` բանակի ղեկավարությունը չի նվազեցնում իր պատասխանատվության չափը, ձեռնարկում է բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումները` զինծառայողների մահվան, վիրավորման կամ խեղման դեպքերը կանխելու նպատակով և հետևողական է, որպեսզի բացառվի անպատժելիության մթնոլորտը: Կարծում եմ` հանցագործությունների կանխարգելման թերևս լավագույն ձևը հանցագործություն կատարած անձանց օրենքի ողջ խստությամբ պատժելն է: Ի դեպ, հաճախ հնչող այն հարցադրումները, թե ինչու յուրաքանչյուր միջադեպից հետո զորամասի հրամանատարական կազմը չի պատժվում, հիմնավոր չեն: Այն սպաները, ովքեր անցնում են քրեական գործով, քրեական պատասխանատվության են ենթարկվում, իսկ ովքեր կատարված հանցագործությանը մասնակից չեն և մեղավոր են միայն ծառայողական պարտականությունների կատարման թերացմամբ, ենթարկվում են կարգապահական տույժերի: Պաշտպանության նախարարի պաշտոնում իմ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում ավելի քան 30 բարձրաստիճան զինվորականներ /վարչության պետեր, գնդի, բրիգադի հրամանատարներ/ կարգապահական տարբեր պատճառներով արձակվել են պահեստազոր կամ նշանակվել են ավելի ցածր պաշտոնների: Սա մեր ամենօրյա աշխատանքն է, և եթե ամեն անգամ ի լուր աշխարհի այդ մասին չենք հայտարարում, դա չի նշանակում թե բարձրաստիճան զինվորականները պատիժներից զերծ են մնում: Իսկ եթե կոնկրետ այս կամ այն սպան չի անցնում քրեական գործով, անթույլատրելի է անմեղ մարդուն դատապարտելը, ինչքան էլ առանձին մարդիկ պահանջեն ազատազրկման դատապարտել: Ի դեպ, սա ևս պետք է լինի իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում:

Բանակում գոյություն ունեցող խնդիրները մենք լավ գիտենք ու ամեն օր աշխատում ենք դրանց լուծման ուղղությամբ: Որպեսզի ոչ կանոնադրական հարաբերությունները բացառվեն, անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, որոնց անբաժանելի մասն են կազմում սպաների կրթության մակարդակի բարձրացումը, զինվորի իրավագիտակցության բարձրացումը և հասարակությունից բանակ ոչ առողջ բարքերի ներթափանցման արգելումը»,- ընդգծել է նախարարը: