«Ճնշումը թանձրանում է, իսկ միջազգային հանրության համբերության բաժակը` լցվում»

8

Հարցազրույց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի հետ: Թեման` Եվրապառլամենտի պաշտոնական կայքում գտած տեղեկատվությունն է` համաձայն որի, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքին է պատկանում, որը բնակեցված է հայերով:

-Ի՞նչ եք կարծում եվրապառլամենտի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությունը` իր Մադրիդյան 4 կետերով, ինչի հետևանք կարող է լինել:
– Հայտարարությունն, անշուշտ, այդպիսի լրջագույն միջազգային կառույցի կայքում, պատահական չէր կարող հայտնվել: Կարծում եմ այն պիտի դիտարկել առաջիկա Կազանյան եռակողմ հանդիպման համատեքստում։ Հստակ է նաև, որ առհասարակ միջազգային կառույցների ակտիվացման շրջան է սկսվել՝ մի տեսակ փակօղակի սեղմման զգացում ունեմ։ Հայտարարության մեջ հստակ ուղերձներ կան՝ մտահոգիչ ուղերձներ, և ես այն չեմ կարող չկապել բանակցային գործընթացներում մեր վարքագծի հետ, երևի բավարար համոզիչ չենք կարողանում լինել։ Տեսնում եմ նաև ռուսական կողմի ակտիվությունը չեզոքացնելու և քաղաքական զարգացումների վեկտորները ուղղորդելու փորձ։
-Ի՞նչն է Ձեզ առավել շատ մտահոգում:
-Կարծում եմ բոլորիս պիտի մտահոգի հատկապես այն հաստատումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի սահմաններին պատկանող տարածք է` բնակեցված հայերով։ Անշուշտ մտահոգիչ է նաև այն հանգամանքը որ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին հայտարարության մեջ հղում չկա: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ճնշումը թանձրանում է, իսկ միջազգային հանրության համբերության բաժակը` լցվում:
-Իսկ ի՞նչ է պետք անել : Ո՞րն է ելքը կամ ճիշտ ուղին:
– Բերմունդյան եռանկյունուց պիտի դուրս գանք: Իսկ ելքը ինքնորոշված և այդ ինքնորոշումը հանրաքվեով հաստատած ու դե ֆակտո իշխանության բոլոր ճյուղերով կայացած Լեռնային Ղարաբաղի գոյությունն է։ Մեր բոլորի հավաքական ճիգն ու ջանքը այդ ուղղությամբ պիտի կենտրոնացնել։