Չի բացառվում, որ այսուհետ ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնի ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, համենայն դեպս այդպիսի խոսակցություններ շրջանառվում են: Եվ ընդհանրապես` վերջին պաշտոնանկություններն ու պաշտոնաթողությունները մարդկանց կարծես գուշակ են դարձրել, թե ով, որ պաշտոնը կզբաղեցնի: Սակայն ինչպես ասում են` առանց կրակ ծուխ չի լինում: Այսպիսով` քննարկվում է նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնի հարցը: Ու հիմնական թեկնածուների անունները 3-ն են` Սամվել Նիկոյան, Հեղինե Բիշարյան և Նաիրա Զոհրաբյան: Տրամաբանությունն այն է, որ եթե ԱԺ նախագահը լինի ՀՀԿ-ական, ապա փոխնախագահն էլ կլինի ՕԵԿ-ական կամ ԲՀԿ-ական: Իսկ եթե չանտեսենք նաև այն փաստը, որ ԲՀԿ-ի մասին ևս խոսակցություններ կան` կապված կոալիցիայից դուրս գալու հետ, ապա հավանաբար ԱԺ փոխնախագահի աթոռը կզբաղեցնի ՕԵԿ-ական, և քանի որ ցանկալի է կին գործչի ներկայություն այդ պաշտոնում, հավանաբար ԱԺ փոխնախագահ կլինի հենց Հեղինե Բիշարյանը: Ուստի «Ազատ Ձայն» լրատվականը փորձեց հարցը ճշտել անձամբ տիկին Բիշարյանից:
-Տիկին Բիշարյան ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուների հավանական անուններ են շրջանառվում` համենայն դեպս` մամուլում և ժողովրդի շրջանում: Եվ այդ ցուցակը գլխավորում եք Դուք: Ինչ կասեք, ո՞րն է պատճառը: Արդյո՞ք առանց կրակ ծուխ կլինի:
-Գիտեք, հենց կրթության ոլորտում են փոփոխություններ տեղի ունենում, ասում են` Բիշարյանը նախարար է դառնալու, հիմա էլ ԱԺ-ում է փոփոխություններ սպասվում, հիմա ել ասում են` Բիշարյանը փոխնախագահ է դառնալու: Ամեն դեպքում` ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ են տեսնում այդ պաշտոնում, բայց նման բան չի քննարկվել: Չեմ հասկանում ինչ լուրեր են տարածում, և ում է ձեռք տալիս:
-Եթե Ձեզ առաջարկեն զբաղեցնելու այդ պաշտոնը, կհամաձայնե՞ք:
-Դրանք ճշմարտությանը չեն համպատասխանում: Չեղած բանի մասին ոնց կարծիք հայտնեմ: Ես երևակայությմաբ ապրող մարդ չեմ:
-Տիկին Բիշարյան, կխնդրեմ, այնուամենայնիվ, մի պահ պատկերացնեք, թե առաջարկել են, արդյոք չե՞ք համաձայնի զբաղեցնել շատ քաղաքական գործիչների կողմից այդքան երազած աթոռը:
-Ես որևէ պաշտոնի կառչած չեմ: Ես կուսակցական ու կուսակցության մարդ եմ: Ցանկացած առաջարկություն քննարկվում է կուսակցությունում: Ու եթե ստանամ նման առաջարկ, անպայման կքննարկվի և պարզ կլինի, բայց նորից եմ ասում` ճիշտ չէ խոսել մի բանի մասին, որ դեռ չկա: