Գագիկը զբաղվում է առևտրով, օրը մի քանի անգամ այցելում է տարբեր տոնավաճառների իր բաժինները` աշխատանքն է պահանջում: Ու հետևաբար օրը մի քանի անգամ` մեքենան կայանելու համար 100 դրամ էր վճարում ու երբեք էլ չէր դժգոհում: Հիմա սակայն, փոքր-ինչ մտահոգ է` կապված ավտոկոյանատեղիների գների թանկացման հետ. «Մենք ինչ ենք աշխատում, որ ինչ էլ թանկացնում են, սաղ թանկ ա: Ինչ անենք չգիտեմ, մնում ա` առևտուրս թարգեմ, ընտանիքիս վերցնեմ ու գնամ ստեղեքի»:
Կգնա երկրից նա, թե` ոչ, դեռ պարզ չէ ու միայն իր որոշելիքն է: Որոշելիքներ ունեն բոլորը, սակայն ինչպես ասում են` գլխավոր որոշողը ԱԺ-ն է: Այս անգամ էլ որոշել է ու ընդունել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասինե օրենքը, որն էլ ստորագրել է նախագահ Սերժ Սարգսյանը: Այս օրենքի ընդունումը, ըստ էության, ենթադրում է ավտոկայանատեղերում տրանսպորտային միջոցների համար գանձվող վճարի բարձրացում։ Այսօր արդեն Երևանում գրեթե բոլոր կայանատեղերում կայանման վարձավճարը սկսում է 200 դրամից (մինչև օրենքի քննարկումը վարձավճարը սկսում էր 100 դրամից)։ Օրենքով ամրագրված է, որ ավտոտրանսպորտային միջոցից ավտոկայանատեղում կայանելու համար մեկ ժամվա համար գանձվում է մինչև 300 դրամ, մեկ օրվա համար՝ մինչև 2500 դրամ։ Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը, oրենքով նախատեuված դրույքաչափերի uահմաններում uահմանելու է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
ԱԺ պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանը նշում է, որ իրենք դեմ են քվեարկել օրենքին և կարծում է, որ թանկացումը արդարացված չէ` հատկապես ներկա պայմաններում «այն նոր հարկատեսակ է»: Միանսյանը հատկապես դեմ է, որ չկա որևէ տարբերակում հիվանդանոցային հաստատությունների կամ զվարճանքի օբյեկտների ու խաղատների ավտոկայանատեղիների միջև և համոզված է, որ այս թանկացումը` «լինելով նոր հարկատեսակ` կազդի նաև ծառայությունների ու ապրանքների գների թանկացման վրա»: Իսկ օրինակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը կողմ է քվեարկել այս օրինագծին և կարծում է, որ ճիշտ է թանկացումը. «Այստեղ գործում է առաջարկի ու պահանջարկի ինստիտուտը,-ասում է նա ու ավելացնում,- Երևանի փողոցների ու ճանապարհների թողունակությունը մեծ չէ, իսկ մեքենաների թիվը մեծ է, որոնք կարիք ունեն կայանման, ուստի պահանջարկը մեծանում է` գները թանկանում»:
Հարց է առաջանում, արդյոք բոլոր ոլորտներում, որտեղ կա պահանջարկ, պետք է թանկացում լինի, Բոստանջյանը` «մենք կարողանում ենք տարբերակել»: Իսկ նշված օրենքով սահմանված է, որ եթե ավտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան տուրքի վճարման ավտոկայանատեղում կայանել է 48 ժամից ավելի, ապա ավտոկայանատեղիի կազմակերպիչն իրավունք ունի տրանսպորտային միջոցը տեղափոխել դրա համար նախատեսված հատուկ տարածք։ Հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է տուրք` յուրաքանչյուր ժամի համար մինչև տվյալ ավտկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատիկը։ Օրենքով նշվում է, որ ավտոկայանատեղին կազմակերպվում է տվյալ համայնքի ավագանու որոշմամբ։ Այն ավտոկայանատեղին, որի համար նախատեսվում է տուրքի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով և գետնին կարմիր գույնով նշված գծանշումներով, որի ձևը սահմանում է կառավարությունը: Բարգավաճից Բոստանջյանի և Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հույսերը համընկնում են և վերջինս էլ է գոհ այս օրինագծից. «Հենց հիմա մեր քաղաքում կա ավտոկայանտեղի, որ գումար է հավաքում, բայց ոչ մի նպատակային ծախս չի լինում, կոնկրետ բան չի արվում, դրա համար էլ ճիշտ է, որ ֆիքսվի գումար ու դա ծախսվի համայնքների զարգացման վրա: Հիմա այդ գումարը գանձվում է ու չգիտես ուր է գնում, իսկ հետո այդ գումարը կգանձվի ու կիմանանք, թե ուր է գնում»:
Սակայն վարորդներն այլ կարծիքի են. «Զարգացումը լավ է, բայց ոչ մեր հաշվին, մեր գրպանների ու մեր քրտինքի»: