«Կայֆ»` դանդաղ սպանության հետևանքով

43

Կարենը (անունը փոխված է), արդեն 10 տարի է, ինչ թմրադեղեր է օգտագործում:
Ինչպե՞ս եք սկսել թմրանդեղ օգտագործել:
-Ընկերոջս ընկերն ա առաջարկել սրսկվել: 20 տարեկան էլ չկայի էդ վախտ: Սկզբում էժան դեղեր էի անում, հետո սաղ կայֆերն էլ օգտագործել եմ` հերոին, հաշիշ, ափիոն…
Իսկ թա՞նկ են ձեր հաճույքները:
-Շատ թանկ են: 100 դոլարից թանկ, ես մի երկու գրամ եմ անում: Տենց կայֆը շատ ա ըլնում:
«Կայֆը» ինչպիսի՞ն է:
-Առաջին անգամ, կայֆ չկար` թուլություն էր, իսկ այ երրորդից հետո լավ էր:
Կարենի հետ խոսակցությունս բավականին երկար էր, սկզբում թվում էր, թե ինչպես ինքն է ասում` կայֆից լավ է զգում, հետո պարզվեց, որ շատ է զղջացել, բայց չի կարողանում հետ կանգնել: Ամեն անգամ որոշում է, բայց հայտնվել է կրակի մեջ. իր հունցած խմորը շատ ջուր է քաշել: Այդպես լինում է շատերի մոտ: Առաջին անգամ թմրադեղերի թաքուն օգտագործում, սկզբում գուցե ոչ մի զգացում, հետո լավ տրամադրություն, կամ ինչպես իրենք թմրամոլներն են ասում` «կայֆ»` անտեսանելի ինքնասպանության հեռանկարով ու շատ մեծ ռիսկով:
Զրուցակիցս, ով չցանկացավ հրապարակել անուն-ազգանունը, շուրջ 7 տարվա թմրամոլի պիտակ ունի վրան. «Ընկերս օգտագործում էր, բայց երբեք չէր թողնում, որ ես էլ օգտագործեմ, հետո մի օր մեկ այլ տեղից առա ու սրսկվեցի, սկզբում բան չզգացի, ոնց որ բան չլիներ, հետո երկրորդ անգամ արդեն ինձ լավ էի զգում, չեմ ասում, գալիս ջարդում-փշրում էի տունը ինչ կա չկա, ու ոչ էլ ուղեղս էր անջատվում, ուղղակի ինձ լավ էի զգում` թեթև ու կայֆոտ: Հիմա փոշմանում եմ, բայց չգիտեմ ինչ անեմ, 2 երեխա ունեմ, ոչ աշխատում եմ, ոչ բան: Կինս ա մեղքս գալիս, ամեն օր խնդրում աղաչում ա չանեմ դեղ, բայց չեմ կարում»,-ասում է նա:
«Ովքեր` ցանկանում են բուժում ստանալ այդ հիվանդության դեմ, ուրեմն անպայման բուժվում են»,-ասում է Նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Հայաստանում այստեղի քաղաքացի թմրամոլների բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում, տևում է 24 օր: Իսկ ոչ քաղաքացիներինը` վճարաովի` օրական 6 հազար դրամ:
Հայաստանում այսօր կա շուրջ 30 հազար թմրամոլ, որոնցից ընդհանուր առմամբ բուժվել է 1141-ը,իսկ Նարկոլոգիական կենտրոնում բուժվում են նրանցից միայն 60-ը: Նրանցից միայն մեկ տոկոսն են կանայք: «Մեզ մոտ չեն եղել դեպքեր, որ 24 օր հետո չբուժվեն, հակառակը եղել է, որ շուտ բուժվեն»,-ասում է Պետրոս Սեմերջյանը:
Հայաստանում առավել տարածված թմրամիջոցը հաշիշն է, իսկ ամենաթանկը՝ կոկաինը: Մեծ թիվ են կազմում հաշիշ, հերոին ու տնայնագործական ափիոն, կոկային, տեսակի թմրամիջոց օգտագործողները: Արդյո՞ք նրանք առանձնանում են իրենց տեսքով հասարակության մեջ. «Միայն մասնագետները կարող են տարբերել»,-նշում է մասնագետ պարոն Սեմերջյանը: Ողջ աշխարը մինչև հիմա միակարծիք չէ այն հարցի շուրջ, թե ո՞ր տերմինն է լավագույնս համապատասխանում թմրամիջոցների երկարատև չարաշահման արդյունքում զարգացող յուրահատուկ հիվանդագին վիճակին` «թմրամոլությո՞ւն, թե՞ «թմրամիջոցներից կախվածություն»: «Առաջին անգամ օգտագործումից կարող է լինել կախվածություն: Պիտի ասեմ նաև, որ առաջին անգամ օգտագործումը ևս մեծ վտանգներ է պարունակում` տարբեր ու բազմաթիվ հիվանդություններից` մինչև` մահ»,-ասում է Պետրոս Սեմերջյանը և ավելացնում «Մեզ մոտ բուժվել ցանկացողների թիվը գրեթե չի փոփոխվել, օրինակ հիմա ունենք ստացիոնար բուժվող 40 հիվանդ, բայց ունենք 60 տեղ, իսկ եթե ցանկացողներ լինեն, այդ դեպքում տեղերի թիվը կշատացնենք»:
Ի դեպ, նա վստահեցնում է, որ բուժումն իրականացվում է ինչպես դեղերով, այնպես էլ հոգեթերապիայով: Կան նաև բուժման նոր ուղիներ, որոնք, սակայն պարոն Սեմերջյանը չցանկացավ թվարկել. «Այն իմանալու համար պետք է բազմաթիվ մասնագիտական գրքեր կարդալ»,-ասաց նա:
Թմրամոլների ընտանքիների համար կարծես թե տարբերություն չկա, թե ինչ եղանակով կլինի բուժումը, միայն թե բուժվի իրենց հիվանդը, որը տարվել է թմրադեղերով: Հոգեբան Անուշ Վարդանյանն ասում է, որ մարդ թմրադեղերով կարող են տարվել տարբեր պատճառներով` ձանձրույթից, ընտանիքում կամ շրջապատում ունեցած խնդիրներից, թերարժեքության բարդույթից, հետաքրքրությունից, շրջապատից չառանձնանալու համար: Ռիսկային գոտում են գտնվում հատկապես անկայուն հոգեբանությամբ, սոցիալապես անապահով կամ ընդհակառակը բավականին` հարուստները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ողջ աշխարհում գրանցված է 50 միլիոնից ավելի թմրամոլ: Միայն Ռուսաստանում գրանցված են մոտ մեկ միլիոն, որի 75%-ը երիտասարդներ են: Եվ սա միայն սառցաբեկորի տեսանելի մասն է: Մի ահռելի մաս չի երևում: Բարեբախտաբար, մեզ մոտ անչափահասների ու երիտասարդների թմրամոլությունն այնքան տարածված չէ, որքան Ամերիկայում կամ Ռուսաստանում: Լինի Հայաստանում, թե սահմաններից դուրս, յուրաքանչյուր մարդ, ով առաջին անգամ թմրադեղ է փորձում, վստահ է, որ երբեք չի դառնա այդ աղտի գերին եւ ցանկացած պահի կարող է դադարեցնել: Սակայն իրականում դա այդպես չէ, այն սկսվում է շատ փոքր քանակից ու հասնում ահռելիի` իր ճանկերի մեջ վերցնելով ու քայքայելով: