«Լոռեցու միամտությամբ»` կոտրած տաշտակի գաղափարախոսությունը

17

«ՀՀԿ-ն այսօր ամենաուժեղ քաղաքական ուժն է ՀՀ-ում եւ նա ոչ միայն պահպանելու է իր դիրքերը, այլ ուժեղացնելու է։ Դրա համար կարծում եմ, որ այս ազդակները մենք պարտավոր ենք մեր կուսակցության անունից հաղորդել մեր գործընկերներին: Մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ համագործակցության համար, ովքեր կհամագործակցեն, համոզված ենք, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի` կհայտնվեն կոտրված տաշտակի առջեւ»,- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այս սենսացիոն հայտարարությունն է, որ ԲՀԿ-ում խառնաշփոթ է առաջացրել:

Սակայն, վարչապետը երկար-բարակ մտածելուց հետո, կամ գուցե զգուշացվելուց հետո իր խոսքի ենթատեքստը որոշել է ի ցույց դնել իր մամլո խոսնակի` Արամ Անանյանի միջոցով, որն այսպես է բացատրում. «Շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին այն դեպքում, երբ խոսքը Հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու մասին էր եւ ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բանի մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլեւ ուղղակի սուտ է»:

Բայց պրն Սարգսյան, մի՞թե այսքան տարվա կառավարության գլուխ լինելը բավարար չէր կազմել այնպիսի խոսք, որի ենթատեքստը միայն կոնկրետ անձինք հասկանան: Բայց մի բան հստակ է, որ վարչապետը կարողանում է թևավոր խոսքերի հեղինակ դառնալ, հիշենք, որ ոչ վաղ անցյալում գյուղացիներին կովը կթելուց առաջ ձեռքերը լվալու մասին էր սովորեցնում պրն Սարգսյանը, հիմա էլ չհամագործակցողներին կոտրած տաշտակի առաջ է տեսնում: Հետաքրքիր է վարչապետը լոռեցուն բնորոշ միամտությամբ է այս խոսքերն ասում, թե՞….

Բայց որ կոալիցիայի ներսում կարողացավ իրարանցում ստեղծել և առանց այն էլ թեժ վիճակի վրա յուղ ավելացնել, դա փաստ է: