Լեռնաձորում ուրանի հորատումներից` ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն կարող է լինել

32

«Ուրանը ռադիոակտիվ նյութ է և հորատումներ կատարելով չենք կարող երաշխավորել, որ հանքաքարը տեղաշարժելով տարածաշրջանում ռադիոակտիվ ֆոնը չի փոխվի»,-խիստ անհանգստացած, գրեթե բոլոր պատասխանոտուներին դիմած, ասում է «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյանը: Իսկ Կապանի Լեռնաձոր գյուղում, չնայած հասարակական բողոքներին ու հանրահավաքներին, շարունակվում են ուրանի որոնողական աշխատանքները, և արդեն փորվել է 140 մ խորությամբ հորատանցք:

Եվ Փարսադանյանի նախազգուշացումները բնավ էլ պատահական չեն: Բանն այն է, որ կառավարության որոշման համաձայն, ուրանի հանքավայրերի որոնողական աշխատանքներ նախատեսվում է իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում, պարզապես աշխատանքները սկսվել են Սյունիքի մարզում: Կառավարության որոշման համաձայն հիմնվել է «Հայ ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն, որի 50 տոկոս բաժնետերը համարվում է «Ռոսատոմ» ընկերությունը, իսկ մյուս 50-ի բաժնետերը համարվում է ՀՀ կառավարությունը: «Նախքան այդ որոշումները կյանքի կոչելը, պետք է անցնեին մի շարք ընթացակարգերով, որոնք չի արվել և խախտումներ են արձնագարվել, և հիմա էլ շարունակվում են խախտումները,-ասում է Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ավելացնում,- ես տեղյակ եմ այդ խնդրին և իմ ձեռքի տակ ունեմ կառավարության կողմից տրամադրված բոլոր փաստաթղթերը: Պետք է նշեմ, որ այո, այդ կազմակերպությունը իրավունք ունի ոչ միայն Սյունիքի մարզում, այլև Հանրապետության ողջ տարածքում իրականացնելու նշված աշխատանքերը: Սակայն հարց է առաջանում, արդյոք դիտարկումներ իրականացվում են օդի, ջրի աղտոտվածության և մի շարք այլ առումներով: Ես կարծում եմ, որ ոչ չեն իրականցվում: Եվ սա ճչացող խախտումներ են, որ իրականցվում են»,-ասում է նա:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պնդում է, որ որոնողական աշխատանքներն անվտանգ են, և նմուշները վերցվելու են 20 սմ-ից ոչ ավելի խորությունից, սակայն փորված խոր հորատանցքը, ըստ մասնագետների, արդեն իսկ լուրջ վտանգներ է պարունակում:

Արմեն Փարսադանյանի խոսքերով` որոնողական աշխատանքները վերսկսվելուն պես հանրության շրջանում լարվածություն կա և անհանգստացած քաղաքացիները մտահոգված պարբերաբար իրենց են դիմում հետագա անելիքների համար:

Զրուցակիցս Լեռնաձոր գյուղից է, ի դեպ ուրանի հետազոտական աշխատանքները հենց այս գյուղից են սկսվելու, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով չի ցանկանում հրապարակել իր անունը: Ասում է` վախենում է հետագայում իրենց նեղելու համար, քանի որ. «Հենց մի բան ենք ասում, պաշտոնավոր մարդիկ մարդ են ուղարկում գալիս հարձակվում են վրաներս, թե մի խոսացեք: Բա ոնց չխոսանք, տուն ու տեղներս քանդվի: Սաղն էլ անհանգիստ են մեր մոտ, որովհետև մեր առղջությանը դա շատ վնաս է, թող տանեն իրենց տների մոտ փորում են, ինչ անում են, չգիտեմ, մեզնից հեռու, ապրում ենք էլի, խի չեն թողնում»,-ասում է նա:

Մինչդեռ «ՀՌԼԿ» ՓԲԸ-ի ղեկավարությունից մեզ ասացին, որ իրենց կողմից նախաձեռնած որոնողահետախուզական աշխատանքների նախագիծը բավարարում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պայմաններին և որևէ աղետների և վտանգների առաջ չի կարող կանգնեցնել բնակչությանն ու բնությանը. «Ավելին` ուրանի որոնողահետախուզական աշխատանքները ոչինչով չեն տարբերվում մոլիբդենի, պղնձի, ոսկու և այլ օգտակար հանածոների որոնողահետախուզական աշխատքներից: Հարկ է նշել, որ «ՀՌԼԿ» ՓԲԸ-ի գործունեությունը համապատասխանում է բոլոր միջազգային նորմերին»,-ասացին կազմակերպությունից: «Իհարկե վնասներ կարող են լինել, եթե հորատանցք կա մի վայրում, որտեղ երեխաներ են խաղում, կարող է երեխան վերցնել այդ քիմիական տարրը և տարածել, նույնը կարող է անել, յուրաքանչյուր մարդ, վնաս է, իհարկե, վնաս է»,-ասում է ԱԺ ժառանգության խմբակցության պատգամավորը:

Իսկ Արմեն Փարսդանյանն էլ ունի նաև այլ մտավախություն. «Մեր համոզմամբ, եթե որոնողական աշխատանքների արդյունքում պարզվի, որ կան անհրաժեշտ պաշարներ, ապա ՀՀ իշխանությունները չեն կարող ընդդիմանալ խոշոր պետությունների բիզնես առաջարկներին»,-ասում է նա ու թվարկում այն կառույցների անունները, որոնց դիմել են. «Խնդրի վերաբերյալ դիմել ենք ԱԺ-ի բոլոր խմբակցությունների ղեկավարներին /ոչ բոլորն են արձագանքել /, 3 անգամ մեր տարածաշրջանի պատգամավոր Վահե Հակոբյանին, /չի արձագանքել/ հանրային խորհրդի նախագահին/չի արձագանքել/,Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, բնապահպանության նախարարին, ազգային անվտանգության քարտուղարին, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին և այլն: Պատասխաններում հիմնականում նշվում է` ինչ որոշումներ են կայացվել, ինչ աշխատանքներ են նախատեսվում կատարել, որը բնականաբար մեր մտահոգությունների հետ առնչություն չունի»,-ասում է նա:

Ի դեպ, խնդրի վերաբերյալ հանրության դիրքորոշումը կառավարությանը ներկայացնելու նպատակով 2010թ-ին Սյունիքի տեղական ՀԿ-ները կազմակերպել են ստորագրահավաք: Ստորագրահավաքի մասնակիցներին հնարավորություն է տրվել հարցի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Ստորագրահավաքին մասնակցել են 13.850 քաղաքացի և մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը: 2010թ-ի նոյեմբերի 11-ին տեղական ՀԿ-երը կազմակերպեցին հանրահավաք, որին մասնակցեցին մոտ 3000 քաղաքացիներ: Ստացվում է, որ ինչպես բնակիչները, այնպես էլ մի շարք պաշտոնատար անձինք, պահանջում են դադարեցնել որոնողական աշխատանքները և չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը, մյուս կողմից` երկրորդ` ավելի «բարձր» կողմը մեղմ ասած` անտեսում է ժողովրդի այս պահանջը ևս` սպառնալով մարդկային կյանքերին: