Մարդկանց սնայպերներով «խփելուց» մինչև «սատանայի օղակ»` «Ազատ Ձայն» լրատվականը զրուցել է ՀԱԿ անդամ, ՀՀՇ նախագահ, Աժ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ:
-Պարո’ն Մանուկյան, այս շրջանը ներքաղաքական առումով, մի փոքր խառնաշփոթ էր` այն առումով, որ ընտրություններն իրար հաջորդեցին ու դեռ սպասվում է գլխավոր ընտրությունը: Ի՞նչ եզրահանգման եկաք: Ի՞նչ անուն կտաք այս ընտրություններին:
-Ես նայում եմ վերջին ՏԻՄ ընտրություններին ու ընդամենը զայրանում եմ, նույնիսկ չեմ զարմանում, որ մի իշխանություն, որը հայտնի է իր կեղծիքներով, մարդկանց բանտեր լցնելով, ընտրությունների արդյունքում սնայպերներով մարդիկ խփելով, մի իշխանություն, որը թանկացումներ է անընդհատ իրականցնում, ինչ ակնկալիք ունենաս: Ճնշող մեծամասնությամբ տեղական ընտրություններում իշխանությունը հաղթում է: Դա աբսուրդ է, անհեթեթություն: Բոլոր համայնքերում, առանց բացառության, աշխատել է վարչական մեխանիզմը, մասսայական փող են բաժանել բոլոր համայքներում: Կարելի է ասել, որ մասսայական չընտրություններ են տեղի ունեցել: Եվ օրինակ Սինգապուրում կամ Զիմբաբվեում որևէ ապուշի, որ ասես՝ ինչ է տեղի ունցել` չի հավատա: Իշխանությունը` թքած ունենալով ամեն ինչի վրա, իր մեթոդներով` կեղծելով, ծեծելով հաղթել է ընտրություններում: Ընտրության մասին խոսք չկա, սա ընտրություն չի:
-Չկա՞ ուղի` ազատ ու արդար ընտրության գնալու համար:
-Ժողովուրդը, գուցե, մի օր պայթի ու դա լինի ուղին:
-Արդյո՞ք ժողովրդի ձայնը տեղ կհասնի, ու արդյո՞ք դա վնաս չի լինի հասարակ ժողովրդին:
-Մենք երբեք կողմ չենք եղել դրան: Այս պահին ես հստակ դեռ չգիտեմ: Մի բան է հստակ երևում, որ արտագաղթի թվերն ավելանում են: Այսինքն` այս մարդիկ կատարում են ինչ-որ մի ծառայության, կազմակերպության ծրագիրը` Հայաստանը դատարկելու ծրագիր: Շատ պարզ մեխանիզմ է:
-Մեղադրում եք ժողովրդի՞ն կաշառք վերցնելու հարցում:
-Այսօր մի աբսուրդի հասնող բան իմացա: Գյուղում կաշառքը բաժանելուց հետո գյուղի 5-6 խանութների ապրանքները համարյա ամբողջությամբ սպառվել են: Մարդիկ չքավորության այն վիճակին են հասել, որ 10-20 հազար դրամը դառնում է փրկություն: Մարդու համար փրկություն է, երբ գիտի, որ մի քանի օր կարող է իր երեխայի համար սնունդ ապահովել: Եթե մարդը մտածում է, որ կա մի Հանրապետական, ու դեմը չկա ոչինչ,մի հատ խիար, ի՞նչ պիտի անի: Փողը տալիս են ու վախացնում, իրենք բերում ընտրության: Գյուղապետերը քյոխվեք են, գողեր ու հանցագործներ: Ես մի սխեմա եմ գծել, մի փոխկապակցված շրջան: Ի՞նչ է նշանակում անարդար ընտրություններ ու ի՞նչի է հանգեցնում: Եթե ժողովուրդը չի ընտրում իշխանավորին, ապա տվյալ մարդը հաշվետու չէ ժողովրդին, ու այդ դեպքում կլինի անվերահսկողություն, այդ դեպքում կլինի իշխանության չարաշահում, ու կարող է ժողովրդին գցել լուսանցք ու իշխանությունը ղեկավարել այնպես, ինչպես ինքդ ես ցանկանում: Իսկ դա բերում է անարդար ընտրության: Սա «սատանայի օղակ» է, որից չես կարող դուրս գալ:
-Ասում եք, Հանրապետական ու դեմը ոչինչ: Մի՞թե հնարավոր չէ մարդկանց առաջարկել ոչ թե փող, այլ իրատեսական ծրագիր, որի առաջնորդին մարդը կտա իր վստահության քվեն: Հնարավոր չէ՞ այդպիսի ծրագրեր ներկայացնել:
-Ես չգիտեմ, Դուք ասեք:
-Ես եթե իմանամ, ապա կներկայացնեմ ժողովրդին, ու բացի այդ ես չեմ պայքարում իշխանության դեմ, այլ` Դուք:
-Դրա դեմ կամ պիտի շատ փող ունենաս, կամ ծեծուջարդ անես:
-Այսինքն` անհնար եք համարում ծրագիր կազմել ու ժողովրդին տանել այդ ուղղությամբ:
-Անհնար չեմ համարում: Եթե ժողովուրդին հասցնեն սովածության, երբ ինքը փող չունի միտինգի գնալու, հացի փող չունի: Ուստի նա կընտրի փողը, որ գոնե այդ մի քանի օրն էլ գոյատևի: Այսինքն` իշխանությունների մահաբեր ծրագիրը` աղքատնացնել այնքան, որ մարդու համար չոր հացը դառնա երազանք: Սա կինո է:
-Հիմա Դուք մի շատ կարևոր կառույցի անդամ եք` ԱԺ պատգամավոր: Մի՞թե անհնար է առանց նախագահ ու վարչապետ փոխելու արձանագրել լուրջ փոփոխություններ:
-Հնարավոր է, բայց կլինեն միայն կոսմետիկ փոփոխություններ: Դա կարող ենք օգտագործել որպես խոսափող: Ես նախորդ քառօրյայում 3 անգամ ասելիք եմ ունեցել, բայց ոչ մի անգամ ոչ մի հեռուստաընկերությամբ չեն ցուցադրել: Դա էլ է դժվար, բայց մենք ամեն բան անում ենք:
-Աժ-ում դաշնակից ունե՞ք:
-Հաճախ տարբեր հարցերի շուրջ մեր ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության կարծքիները համընկնում են:
-Սպասվող նախագահի ընտրություններում ՀՀՇ-ն կունենա՞ թեկանծու:
-Այս պահին որևէ քննարկում չկա և ոչինչ ասել չենք կարող:
-Միասնական թեկանծուով հնարավոր համարո՞ւմ եք հանդես գալ:
-Ցանկալի է, ես ոչինչ ասել հիմա չեմ կարող:
-Չկա՞ մի ուժ, որի հետ ճիշտ եք համարում հանդես գալ:
-Ինչքան էլ Դուք փորձեք 4-րդ հարցից գալ առաջին հարցին, միևնույն է, ես ոչինչ չեմ ասի, քանի որ չկա ասելու բան, մենք դեռ չենք քննարկել:
-Լավ, պարո՛ն Մանուկյան, նույնիսկ ձեր մտքում, չկա՞ մի քաղաքական ուժ, որի հետ համագործակցությունը, ձեր կարծիքով, կբերի դրական փոփոխության:
-Տեսականորեն կարող եմ ասել, որ ցանկալի է, որ լինի միասնական թեկանածու: Ամենայն անկեղծությամբ ասեմ իմ անձնական մոտեցումը: Միայն Լևոն Տեր-Պետորսյանը կարող է հաղթել Սերժ Սարգսյանին:
-Պարո՛ն Մանուկյան, այս մի քանի տարվա ընթացքում եղե՞լ են դրական տեղաշարժեր տարբեր ոլորտներում:
-Եթե նկատի ունեք կանաչապատումը, այո՝ դրական տեաղաշարժ է:
-Բնավ նկատի չունեի, կանաչապտումը: Նկատի ունեմ ավելի գլոբալ ոլորտներ:
-Մարդու իրավունքերում չկա, իմ երիտասարդականի խորհրդի անդամը բանտում է, ես դա համարում եմ քաղաքական հետապնդում, Մարտի 1-ի զոհերի դեպքերից ոչ մեկը չի բացահայտվել, բանակում զոհվածներից ոչ մեկի դեմ գործ չի հարուցվել, առողջապահության, սոցիալական ոլորտները լկտիության սահմաններն անցել են, ու նույնը բոլորը: Որն ասեմ, Լիսկայի՞նն ասեմ, Վարդանիկի՞նն ասեմ, Վարդան Այվազյանի՞նն ասեմ: