«Սրբապատկերներ նկարելու համար տաղանդ քիչ է պետք, ավելի շատ հավատք, ցանկություն է պետք, նաև պետք է աղանդավոր չլինես, այլ` աղոթական»,-ասում է սրբանկարիչ Ալինա Գրիգորյանը, ում սրբապատկերների առաջ հազարավոր քրիստոնյաներ են աղոթել ու մոմ վառել: Մեկը մյուսից հրաշալի ու զարմանահրաշ գործերի հեղինակ Ալինան, արդեն 10 տարի է, ինչ զբաղվում է այս արվեստով: Ամեն անգամ վրձինը ձեռքն առնելուց առաջ աղոթք է հղում առ Աստված: Խոստովանում է` հազվադեպ, բայց պատահում է, որ չստացվի նկարել. աշխարհիկ մարդը միշտ չէ, որ աղոթական վիճակում է լինում: «Գեղանկարչությունը, մանրանկարչությունը, բավականին շատ են տարբերվում սրբանկարչությունից, սա ուրիշ աշխարհ է, ուրիշ աշխատանք, և ուրիշ հրաշք: Կարծես անէանում ես ու մնում ինքդ քեզ հետ: Մի տեսակ ինքնամաքրում կա այս նկարչության մեջ»,-ասում է նա: «Սրբանկարչությունը ես եկեղեցական արվեստ եմ համարում:Դա սիմվոլիկ նկարչություն է` գեղանկարչության դասական օրենքներին հակառակ, որտեղ առկա որոշ սկզμունքերհակառակ են հեռանկարչության: Սրμանկարչության մեջ պատկերները փոքրից մեծ են անցնում. օրինակ, եթե ետևին ֆոնում Հիսուսի պատկերն է, մարդիկ դիմացը փոքր են պատկերվում, սակայն իրականում այդպես չէ. որքան հեռու, այնքան փոքր: Ահա թե ինչու գեղանկարիչները երբեմն չեն կարողանում սրբապատկեր նկարել, քանի որ պետք է սկզբունքները փոխել»,-աչքերի մեջ փայլ առկայծելով` ասում է երիտասադ սրբանկարչուհին, ով նաև բազմաթիվ սաներ ունի: Տիկին Մարգարիտան ծանր վնասվածքից հետո որոշել է սրբանկարչություն սովորել, ասում է նաև բուժման միջոց է իր համար. «Երբ սկսում ես նկարել, և հասկանում ես, որ այս նկարները դարերով խոսել են մարդկանց աչքերի հետ, ակամայից հուզվում ես: Նաև ինքնաբացահայտման միջոց է: Ես արդեն 4 նկարի հեղինակ եմ, բոլոր նկարներս նվիրելու եմ հարազատներիս»,- ասում է նա, ով մասնագիտությամբ հոգեբան է: Ի դեպ, սրբանկարչուհին նաև վստահեցնում է, որ այս արվեստով զբաղվելու համար նկարչական կրթության կարիք չկա, այստեղ մեթոդներն ուրիշ են: Հոգևոր կյանքի փորձառությունը ցույց է տվել, որ սրբապատկերը նպաստում է ավելի պատկերավոր ու ամբողջական դարձնելու քարոզչական խոսքը, պարգևում հոգևոր մխիթարություն՝ յուրահատուկ կապ ստեղծելով պատկերվածի ու աղոթողի միջև, ներգործում դիտողի խղճմտանքի վրա, հեռու պահում մեղսածին մտքերից, տեսանելի կերպով հիշեցնում և ուսուցանում աստվածաշնչյան պատմություններն ու պատգամները։ Այսպես է սրբապատկերի նշանակությունը մեկնաբանվում:Նշանակությունն այս է, իսկ տարբեր երկների սրբապատկերները տարբեր. «Եթե ես ռուս սրբանկարչի աշխատանքը նույնությամբ նկարեմ, դուք կիմանաք, որ հեղինակը հայ է»:
Հիմնականում հայկական են լինում, ինչպես տարազները, այնպես էլ գույները: Սուրբ Աստվածամոր կերպարը հիմնականում լինում է կարմիր և մանուշակագույն, Քրիստոսինը` սպիտակ և ծիրանագույն: Սրբապատկերի միջոցով մեզ է բացահայտում, մաքուր, միայն մտքով հասանելի աստվածային իրականության խորհուրդները: Սրբապատկերների նախատիպերն են եղել Աբգար թագավորի վարշամակը, Տիրամոր պատկերը, այդպիսով սկիզբ է առել սրբանկարչությունը:
«Երբ եկեղեցին ընդհանրական է եղել, սրբանկարչության մեջ գործել է մեկ ընդհանուր կանոն: Սակայն հետագայում յուրաքանչյուր ազգ որդեգրել է իրեն հարազատ ոճը, կանոնը: Սակայն երբ մենք աղոթում ենք սրբապատկերի առջև, պետք է հստակ գիտակցեք, որ մեր աղոթքն ուղղված է, ոչ թե կտավին, այլ նաև կտավի վրա պատկերվածին »,-ասում է ՀԵԵՄ-ի կրթադաստիարակաչական կենտրոնի տնօրեն Հասմիկ Եղիազարյանը:
Ի դեպ, հարկ է նշել, որ շատ շուտով սկսվելու է հայկական սրբանկարչույան մի նոր փուլ: Սրբանկարիչները Վարդգես Սուրենյանցի աշխատանքերի հիման վրա ստեղծելու են նոր մոդելներ` պահպանելով հայկական մշակույթը: Ալինա Գրիգորյանը մեծ պարծանքով նաև հավաստիացնում է, ինչպես ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում սրբապանկարչությւոնը բուռն ծաղկում է ապրում: