Հայ գյուտարարը բազմաթիվ գյուտերի շարքում ևս մեկ շատ կարևոր գյուտի հեղինակ է դարձել, սակայն նրա խոսքը լսելի չի դառնում պատկառ մարմիններին, էլ չասենք աշխարհին: Ֆիզիկոս, մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանը վստահեցնում է, որ ինքը ստեղծել է հավերժական շարժիչ, որը օգնում է քամու միջոցով էներգիա ստանալ: Գիտնականը վրդովված պատմում է, որ «Մտքի սեփականության գործակալությունը» իրեն իրավունք չի տվել, որ իր իսկ գյուտն անվանի «հավերժական շարժիչ»: Վերջինս դա մեկանաբանեց. «Հայերը իրավունք չունեն իրեն իրենց անունով կոչելու»: Մյուս կողմից էլ գյուտարարը կարծիք ունի, որ միգուցե քաղաքական շահերից ելնելով աշխարհի հզոր ուժերը թույլ չեն տալիս, որ միջուկային էներգիայից զատ այլընտրանքային էներգետիկ միջոցները կյանքի կոչվեն:
Գյուտարարը նշում է, որ իր ստեղծած սարքը միջուկային ատոմակայանից հզոր է և ավելի մատչելի: «Այսօր 240 մլն դոլարով իտալացիներն են Հայաստանում քամու էլեկտրակայան կառուցում, իսկ ես 40 մլն-ից քիչ գումարով կպատրաստեմ»: Հայ գյուտարարը նշում է, որ իր գյուտից կարող են ստանալ տաք ջուր` օգտագործելով միայն մթնոլորտի էներգիան: Այս սարքի միջոցով ստանում ենք «հզոր օդի հոսանք, որն էլ պտտեցնում է տուրբինը` առաջացնելով նոր էներգիա առանց էներգիա ծախսելու»,- պնդում է Մխիթարյանը:
Նա ողջ աշխարհի ուշադրությանն է հրավիրում էժան և անվնաս էներգիա ստանալու այս մեթոդը, բոլորին հրավիրում իր տուն այդ հրաշքը տեսնելու և համոզվելու, որ իրականում գոյություն ունի հավերժական շարժիչ: