Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂՀ սահմանագծում իրավիճակի սրման և այդ երկրում մարդու իրավունքների հարցերը դարձել են ամերիկյան Սենատում Ադրբեջանում ամերիկյան նոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության քննարկման հիմնական թեմաները։ Հաղորդում է Asbarez-ը:
Մի քանի սուր հարցեր են բարձրացրել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Ջին Շահինը և սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ովքեր խոսել են ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների, մարդու իրավունքների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ և տևական հանգուցալուծմանը հասնելու անհրաժեշտության մասին։
Մենենդեսը բարձրացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի և իրավիճակը սրելու հարցը՝ հիշեցնելով սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև նախագահ Ալիևի այն հայտարարությունների մասին, համաձայն որոնց` «հայերը միշտ պետք է ապրեն» վախի մթնոլորտում, և «ողջ աշխարհի հայերը մեր թշնամիներն են»։ Նա հարց է բարձրացրել, թե արդյոք նման հայտարարություններ անող երկրին ռազմական տեխնիկա վաճառելը բխում է Միացյալ Նահանգների շահերից։ «Լարվածությունը մեծ է նաև Ադրբեջանի այլ հարևանների հետ` մասնավորապես Իրանի: Ես կարծում եմ, որ հնարավոր ռազմական աջակցությունը ոչ մի դեպքում չի կարող օգտագործվել Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ»,- ասել է նա:
Մենենդեսը բարձրացրել է նաև Ջուղայի գերեզմանատան ավերման խնդիրը՝ հարցնելով, թե ինչու այս դեպքը չի ներառվել ԱՄՆ պետքարտուղարության Կրոնական ազատությունների վերաբերյալ զեկույցում, որին ի պատասխան Մորնինգսթարն ասել է, որ ինքը չգիտի, բայց դեսպան նշանակվելուց հետո անպայման կայցելի այդ վայր:
Մենենդեսը նաև հարց է ուղղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, թե արդյոք 1915թ․-ին տեղի ունեցած դեպքերին վերաբերող փաստերը, որի հետևանքով սպանվել է 1.5 միլիոն հայ, վիճարկելի՞ են Մորնինգսթարի համար, վերջինս պատասխանել է՝ «ո՛չ»:
Շահինն էլ հարց է բարձրացրել Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ` պահանջելով Մորնինգսթարից անել առավելագույնը այդ երկրում ժողովարդավարություն հաստատելու համար:առաջընթացի հասնելու համար: